Հետանցքի ճաքը ամենատարածված պրոկտոլոգիական հիվանդություններից մեկն է, այն ավելի հաճախ հանդիպում է 25-50 տարեկանների շրջանում։
Կոլոպրոկտոլոգիայի կլինիկայի բժիշկ-պրոկտոլոգ Կարինե Ավանեսյանը անդրադարձել է հետանցքի ճաքին, ինչպե՞ս է դրսևորվում, ի՞նչ բարդություններ կարող են լինել։
Ներկայացնում ենք բժշկի դիտարկումները․
1. Հետանցքի ճաքը դա անալ կանալի լորձաթաղանթի գծային կամ էլիպսանաման դեֆեկտն է։
2. Հետանցքի ճաքի առաջացման հիմնական պատճառը կղազատման խանգարումն է ՝ փորկապությունները կամ փորլուծությունները։
3. Հաճախ հանդիպող ախտանիշներն են
Տարբեր ուժգնության ցավերը, որոնք առաջանում են հետանցքի շրջանում կղազատման ընթացքում և դրանից հետո, կարող են շարունակվել 1-2 րոպեից մինչև մի քանի ժամ։ Հետանցքի ճաքին բնորոշ չեն գիշերային ցավերը, կամ ցավերը, որոնք կապված չեն կղազատման հետ։
Արյան հետքեր զուգարանի թղթի կամ կղանքային զանգվածների վրա։ Հետանցքի ճաքին բնորոշ չէ մեծաքանակ արյունային արտադրությունը և կղանքային զանգվածների հետ խառնված արյունը։
Վախ կղազատումից (стулобоязнь), պայմանավորված ուժգին ցավերով։
4. Հետանցքի ճաքը լինում է սուր և խրոնիկական։
Հետանցքի սուր ճաքն առաջանում է անալ կանալի վնասման հետևանքով, ինչն ուղկցվում է սուր ցավով և ներքին անալ սֆինկտերի կծկմամբ (սպազմով)։ Սպազմն էլ իր հերթին չի թողնում, որ վնասված հատվածը լավանա։ Ճիշտ ժամանակին բուժման բացակայության դեպքում ճաքի եզրերը և հատակը պնդանում են և սպիանում, ձևավորվում է հետանցքի խրոնիկ ճաք։
5. Հետանցքի խրոնիկ ճաքին բնորոշ են՝
Հիվանդության տևողությունը 2 ամիս և ավել
Դեֆեկտի եզրերի սպիական փոփոխություններ
Անալ կանալի ֆիբրոզ պոլիպ
Ներքին անալ սֆինկտերի մկանաթելերը երևում են վերքի հատակում
6. Ցավի ուժգնության փոփոխությունը, քորի, այրոցի զգացումը հետանցքի շրջանում խոսում է հետանցքի ճաքի բարդացման մասին։ Հետանցքի ճաքը կարող է բարդանալ՝ խուղակի առաջացումով, հետանցքի նեղացումով (պեկտենոզով)՝ պայմանավորված անալ կանալում արտահայտված բորբոքային և սպիական փոփոխություններով։
Հետանցքի ճաքի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել թաղանթանյութով հարուստ սնունդ և պահպանել հեղուկների օգտագործման օրական նորման (2-2,5 լիտր)։ Գանգատների առկայության դեպքում անպայման դիմեք պրոկտոլոգի, վաղ փուլում հետանցքի ճաքի բուժումը հնարավոր է դեղորայքային և քիչ ինվազիվ մեթոդներով։
.png)